Ազգային բանկը սկսել է թողարկել Վախթանգ Գորգասալիի մետաղադրամները

Վրաստանի Ազգային բանկը սկսել է Վախթանգ Գորգասալիի մետաղադրամների հավաքածուի թողարկումը։

Ըստ Ազգային բանկի տարածած հաղորդագրության՝ մետաղադրամների վաճառքը սկսվել է այսօրվանից` դեկտեմբերի 20-ից։

«Վրաստանի Ազգային բանկը շարունակում է «Վրաստանի արքաներ» շարքի մետաղադրամների հավաքածուների թողարկումը, և այս անգամ 5 լարի արժողությամբ մետաղադրամները նվիրված են Վախթանգ Գորգասալի թագավորին։ Նշված մետաղադրամների թողարկումը նախատեսված էր այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, սակայն դրանց արտադրության, հետևաբար` նաև թողարկման գործընթացը որոշ չափով հետաձգվեց Նիդերլանդների թագավորական դրամահատարանում՝ օբյեկտիվ պատճառներով։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Վրաստանի Ազգային բանկն այս տարվա դեկտեմբերի 20-ից սկսում է աստիճանաբար վաճառել Վախթանգ Գորգասալի թագավորին հիշատակող 5 լարի արժողությամբ մետաղադրամներ։ Ոսկյա մետաղադրամի արժեքը 1380 լարի է։ Մետաղադրամը կարելի է ձեռք բերել նախապես պատվիրելով. պայմաններին ծանոթացեք այստեղ՝ www.moneymuseum.nbg.gov.ge։