Կրծանիսիում նոր ռազմական լիցեյ կկառուցվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեի և պաշտպանության ուժերի հրամանատար Գիորգի Մատիաշվիլիի հետ միասին հիմք են դրել Կրծանիսիում կուրսանտների ռազմական լիցեյի կառուցմանը, որը կկոչվի գեներալ Գիորգի Մազնիաշվիլիի անունով, հայտնում է Վրաստանի կառավարությունը:

Նշվում է, որ Ղարիբաշվիլին ՊՆ ղեկավարների հետ պարկուճ է տեղադրել կառուցվող շենքի հիմքում և մանրամասն տեղեկություններ լսել նախատեսվող աշխատանքների մասին։

«Պաշտպանության նախարարությունը սկսել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կուրսանտների ռազմական լիցեյի կառուցումը։ Լիցեյի տարածքում կկառուցվեն նոր ֆունկցիոնալ շենքեր, հիմնովին կվերակառուցվեն գործող շինությունները։
42 հեկտար տարածքում նախատեսվում է 400 կուրսանտների համար նախատեսված բնակելի և ուսումնական շենքերի, ճաշարանի ու բուժհաստատությունների շենքերի, ինչպես նաև նիստերի դահլիճի և վարչական շենքի ամբողջական վերակառուցում։

Կկառուցվի նաև սիմուլյացիոն կենտրոն, փակ մարզասրահ, ենթակառուցվածքների սպասարկման շենք և անցակետ։ Տարածքում կկազմակերպվի նոր ավտոկայանատեղի, գազալցակայան, ավտոլվացման կետ և մեքենաների վերանորոգման տարածք»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկության համաձայն, ռազմական լիցեյի կառուցման համար հատկացվել է 40 մլն լարի։

Ի դեպ, Արևմտյան Վրաստանի Քութայիսի քաղաքում տարիներ շարունակ հաջողությամբ գործում է գեներալ Գիորգի Կվինիտաձեի անվան կուրսանտների ռազմական լիցեյը։ Նոր լիցեյը նման կլինի Արևմտյան Վրաստանի ճեմարանին և կընդգրկի Արևելյան Վրաստանը։