Երթ Սոխումիի անկման օրը. ընդդիմությունը մտադիր է փոխել իշխանությունը

Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահ Գիգա Բոկերիան խորհրդարանում կայացած ճեպազրույցում ասել է, որ սեպտեմբերի 27-ին՝ Վրաստանից չվերահսկվող Սոխումիի անկման օրը, պատրաստվում են միջոցառում անցկացնել:

Ըստ Բոկերիայի, իրենց նպատակը Վրաստանի քաղաքացիներին կրկին հասկացնելն է, թե ինչպիսի վտանգ է ներկայացնում Վրաստանի դեմ ցեղասպանություն իրականացրած Ռուսաստանը։

Նրա խոսքով, վրաց ժողովուրդը կկարողանա պաշտպանել երկրի շահերը միայն խաղաղ ճանապարհով փոխելով այս ռեժիմը և ընտրելով արևմտամետ իշխանություն։

Բոկերիան նշել է, որ Վրաստանը, ժողովրդի ազգային շահերը, երկրի ապագան ու միասնությունը երկու թշնամի ունեն:

«Առաջինը՝ Ռուսաստանը, որը սպառնալիք է ողջ ազատ աշխարհի համար, և, ցավոք, մենք ունենք նաև մեր ապագայի տեղական թշնամին՝ Իվանիշվիլիի ռեժիմը (խմբ. նկատի ունի Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն ու կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին), որն ամեն օր առավել ցայտուն կերպով ցույց է տալիս իր իրական, պուտինիստա-կոլաբորացիոնիստական ​​բնույթը»,- ասել է Բոկերիան: