Կոբախիձեն Վրաստանի արդարադատության խնդիրները բարձրաձայնող եվրապատգամավորներին անվանել է «Ազգային շարժման» լոբբիստներ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն երկրի  արդարադատության հետ կապված խնդիրների մասին բարձրաձայնող եվրապատգամավորներին ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության լոբբիստներ է անվանել:

Ըստ Կոբախիձեի՝ եվրապատգամավորները  քաղաքականացնում են Վրաստանի արդարադատության հետ կապված խնդիրները։

«Մենք թույլ չենք տա որևէ մեկին, այդ թվում՝ կոնկրետ Եվրախորհրդարանին, որոնք իրականում «Ազգային շարժման» լոբբիստներ են, Վրաստանում քաղաքականացնել արդարադատությունը»,- ասել է Կոբախիձեն` Եվրախորհրդարանի պատգամավորներին։

Չնայած Եվրախորհրդարանի պատգամավորների քննադատությանը, Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առնվազն վեց տարի բանտում կլինի:

Նշենք, որ ավելի քան 70 եվրոպացի քաղաքական գործիչներ մի քանի օր առաջ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ազատ արձակել Սաակաշվիլիին։

«Ամեն օր, երբ վրացական կառավարությունը շարունակում է քաղաքական դրդապատճառներով հետապնդումներն իր քաղաքական մրցակիցների և նախորդների նկատմամբ, այդ ևս մեկ օր է, որը վատթարացնում է Վրաստանում ծայրահեղ քաղաքական բևեռացման ցիկլը՝ անհնար դարձնելով քաղաքական ուժերի միավորումը ռազմավարական ազգային առաջնահերթությունների շուրջ»,- ասված է նամակում։

Նամակում քաղաքական գործիչները նաև ընդգծել են, որ ծայրահեղ քաղաքական բևեռացումը ոչնչացնում է ժողովրդավարական ինստիտուտները, ինչը Վրաստանի համար լավագույն պաշտպանությունն է այն սպառնալիքներից, որոնց բախվում է երկիրը։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր