Վրաստանում ապրում է 257 հազար օտարերկրացի. Կոբախիձե

Վրաստանում ապրում է 257 հազար օտարերկրացի. 164 երկրների ավելի քան 107 հազար մարդ ունի բնակության թույլտվություն, — հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանի լիագումար նիստում հարցապնդման ձևաչափով իր ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ երկրում բնակվող օտարերկրացիներից մոտավորապես 20 հազարն անօրինական միգրանտներ են։

«Ըստ ընդհանուր բնակչության մարդահամարի ընթացիկ վիճակագրության՝ Վրաստանում բնակվում է 257 հազար օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ անօրինական միգրանտներ։ Նշեմ, որ բնակչության մարդահամարի թարմացված վիճակագրությունը կհրապարակվի հունիսի 25-ին, և մինչ այդ մենք պետք է առաջնորդվենք ընդհանուր վիճակագրությամբ։ Ինչ վերաբերում է բնակության թույլտվություն տրամադրելու վիճակագրությանը, Վրաստանում բնակության թույլտվություն է տրամադրվել 164 երկրների 107 հազար 307 քաղաքացիների։ Ըստ թարմացված վիճակագրության` բնակության թույլտվություն է տրամադրվել հետևյալ երկրների քաղաքացիներին`

–Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ 32 հազար 129 մարդ (29.9%)։ Նրանց մեծամասնությունը Վրաստանի նախկին քաղաքացիներ են և վրացական ազգանուններով անձինք։

–Երկրորդ տեղում է Հնդկաստանը՝ բնակության թույլտվություն է տրամադրվել 23 հազար 930 մարդու, որոնց մեծ մասը ուսանողներ են։

–Երրորդ տեղում է Ադրբեջանը՝ 6.3%-ով։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա բնակության թույլտվություն ունի 6290 մարդ (5.9%), սակայն պետք է ընդգծել, որ մինչև 25 հազար ուկրաինացի է ապրում Վրաստանում առանց բնակության թույլտվության՝ որպես փախստական։

Նաև՝ Հայաստանի ավելի քան 5000 քաղաքացի ունի բնակության թույլտվություն, Բելառուսի` 3738, Թուրքիայի` 3645, Իրանի 3334 քաղաքացի։ Ընդհանուր վիճակագրության 2%-ը վերաբերում է Սուդանի քաղաքացիներին` բոլորն ուսանողներ են, Չինաստանի ավելի քան 2000 քաղաքացի ունի թույլտվություն, նրանք հիմնականում աշխատողներ են, աշխատում են տարբեր ենթակառուցվածքային նախագծերի վրա և այլն։
Մեր տեղեկությունների համաձայն՝ երկրում անօրինական միգրանտների թիվը կազմում է 20 հազար։ Այս առումով մենք ավելի ճշգրիտ տվյալներ կունենանք մոտ երկու ամսից», — ասել է Կոբախիձեն։