Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Postv-ի և «Իմեդի»-ի նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել վրացական իշխանամետ երկու հեռուստաընկերությունների՝ Postv-ի և Imedi-ի նկատմամբ՝ ռուսամետ ապատեղեկատվություն տարածելու համար։

Ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության լրատվական կայքում հրապարակված հայտարարության` նրանց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել ըստ Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցների կանոնակարգերի։

Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում, վստահության ծառայությունների արգելք և տնօրենի որակազրկում։

«Կառավարության կարծիքով` կան կասկածի ծանրակշիռ հիմքեր, որ «Իմեդի» հեռուստաընկերությունը, համաձայն «2019 թվականի Ռուսաստանի (պատժամիջոցների) (ԵՄ-ից դուրս գալու) կանոնակարգերի», համարվի «ներգրավված անձ» (involved person) ներքոնշյալ հիմնավորմամբ

Վերջինս հիմնականում Վրաստանում գտնվող լսարանի համար տարածում է և նախկինում էլ տարածել է միտումնավոր մոլորեցնող տեղեկատվություն Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մասին։ Սա աջակցում կամ խրախուսում է այնպիսի քաղաքականություն կամ գործողություն, որն առաջացնում է Ուկրաինայի ապակայունացում, խարխլում կամ վտանգում է նրա տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը։ Մասնավորապես, պարբերաբար տարածում է այնպիսի բովանդակությամբ նյութեր, թե, իբր, Ուկրաինայի կառավարությունը և նախագահ Զելենսկին լեգիտիմ չեն, Ուկրաինան Արևմուտքի «խամաճիկն» է, Ուկրաինան կոռումպացված երկիր է, և թե, իբր, Ուկրաինան ու Արևմուտքը փորձում են ապակայունացնել Վրաստանը»,- ասված է Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ։

2026 թվականի փետրվարի 6-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը և «Իմեդի հոլդինգը», որի մեջ է մտնում նաև GDS-ն, գործարար Իրակլի Ռուխաձեի հոլդինգային ընկերությունը վաճառել է Prime Media Global-ին։ Մրցակցության գործակալությանը ներկայացված փաստաթղթերը ցույց են տալիս, որ գործարքի գինը կազմել է խորհրդանշական 1000 լարի։