Բաթումիում քարով հարվածել են Առաջին ալիքի օպերատորի գլխին

Բաթումիում կառուցվող շենքի մոտ, որտեղ այսօր վերելակ է ընկել, տեղում աշխատող Առաջին ալիքի օպերատորի գլխին քարով հարվածել են: Միջադեպը տեղի է ունեցել, երբ Աջարիայի հեռուստաընկերությունն ուղիղ եթերում ցուցադրում էր թե ինչ է կատարվում շինհրապարակում:

Կադրերում երևում է, որ սահմանագծված տարածքից մյուս կողմում գտնվող քաղաքացիները՝ հավանաբար շինարարական կազմակերպության ներկայացուցիչները քարեր են նետում լրագրողների ուղղությամբ ու վիրավորում: Միջադեպին հետևել է ծեծկռտուք: ՆԳՆ-ի տվյալներով, իրավապահ մարմինները տեղում են: Հարուցվել է քրեական գործ:

Այսօր՝ հուլիսի 29-ին Բաթումիում կառուցվող շենքի վերելակը պոկվել է: Քաղաքի շտապ օգնության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ վերելակում չորս մարդ է եղել, մեկ կին և երեք տղամարդ: Նրանցից երկուսը կոտրվածքներ ունեն, մեկը՝ թեթև վնասվածք է ստացել: