Հայտնի է, թե երբ կվերաբացվեն ակումբներն ու երբ կթույլատրվեն գիտական հանդիպումները

Վրաստանի կառավարությանը կից գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ մարտի 4-ից ակումբներին կթույլատրվի գործել, սակայն ակումբներում հյուրերի թիվը պետք է լինի առավելագույն թվի 60 տոկոսը:  Այս մասին հայտնել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։ 

Խորհրդի որոշմամբ՝ մարտի 15-ից առանց սահմանափակումների կթույլատրվեն գիտաժողովները, սեմինարներն ու թրեյնինգները։ Մինչ այդ գործող՝ առավելագույնը 70 մասնակցի սահմանափակումները կվերացվեն։ 

Ղիբրաձեի խոսքով՝ փետրվարի 27-ին կայանալիք Վրաստան-Ռուսաստան խաղին ներկա կլինի հանդիսատեսի 50%-ը։ 

Միաժամանակ, ինչպես պարզաբանել է Ղիբրաձեն, մարտի 1-ից այդ մեղմացումների մի մասը կարող է էլ ավելի ընդլայնվել, բայց, ամեն բան կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից։ 

Ղիբրաձեն հայտնել է նաև, որ խորհուրդն այսօրվանից կանցնի երկշաբաթյա աշխատանքային ռեժիմի և ամեն շաբաթվա փոխարեն կհանդիպի երկու շաբաթը մեկ։