Ասպարա՝ գյուղ ուրվական. վիդեոպատմությունն առաջին հորիզոնականում է

Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո-Քարթլիում գործող Gipa Media Lab նախագծի շրջանակներում Ախալքալաքում անցկացվեց «Լավագույն վիդեոպատմություն» փառատոնը։

Փառատոնում առաջին  հորիզոնականը նվաճեց «Ալիք Մեդիա»-ի օպերատոր, Իլիայի պետական համալսարանի ուսանող, 19-ամյա Արտյոմ Քոսյանը։ Քոսյանի նախագիծը՝ «Ասպարա՝ գյուղ ուրվական» վիդեոպատմությունն էր, որը պատմում է Նինոծմինդայից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ասփար (Ասպարա) գյուղի մասին: Գյուղն ունի հիասքանչ պատմություն, որից, ցավոք, միայն պատմությունն է մնացել:

«Իմ նախագիծն այս գյուղի մասին է, գյուղի դատարկվելու մասին. սա իմ հարազատ գյուղն է, որն այսօր ամայի է, ու դա շատ ցավալի փաստ է», — պատմում է Արտյոմ Քոսյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում։

Ներկայացնելով իր նախագիծը` հեղինակն ընդգծում է, որ վիդեոպատմության գլխավոր հերոսը գյուղն է․

«Գյուղում տներն ու եկեղեցին փլվում են, մարդկանց հեռանալու հետ շուրջն ամեն ինչ ամայացավ… Վերջում գյուղում մնացել էր ընդամենը մեկ մարդ, նա մինչև իր կյանքի վերջին օրը հավատարիմ մնաց իր գյուղին և մահացավ 2022 թվականին։ Գյուղը հիմա ամբողջովին դատարկվել է, և այնտեղ այլևս ոչ ոք չի ապրում», — պատմում է Քոսյանը։

Gipa Media Lab նախագծի շրջանակներում անցկացվող դասընթացների վերջում ավանդաբար կայանում է փառատոն, որի ժամանակ պարգևատրվում են լավագույն աշխատանքները։ Այս փառատոնի հաղթող նախագծերն ու հեղինակների անունները ներկայացնում ենք ստորև․

  • 1-ին տեղ — «Գյուղ՝ Ուրվական», հեղինակ՝ Արտյոմ Քոսյան
  • 2-րդ տեղ — «Ամուսնացել է 13 տարեկանում», հեղինակ՝ Լիլիթ Կարապետյան,
  • 3-րդ տեղ — «Թռչնադիտարկման մեկ օր», հեղինակներ՝ Գրիգորի Սաակյան, Ամիրան Ուստյան / «Կյանքն առանց ջրի», հեղինակ՝ Սերգեյ Կուրգինյան
  • Հատուկ հիշատակում — «Աղոթող կինը», հեղինակներ՝ Հնազիկ Ավետիսյան, Մարինա Կարագուլյան / «Միայնակ զույգ», հեղինակ՝ Նարեկ Եղիազարյան / «Վրացերենի ուսուցչուհի», հեղինակ՝ Շուշանիկ Մկրտչյան

Կարդացեք նաև՝

Ասպարա՝ ուրվականների գյուղ. ՖՈՏՈՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ