«Տոլմայի փառատոն 2023»-ը՝ Թբիլիսիում

Լուսանկարը՝ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի

Թբիլիսիում «Տոլմայի փառատոն 2023»-ն անցկացվեց  Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, մարդաշատ եկեղեցու բակում անցկացվող փառատոնին ներկա էին Վրաստանի  համայնքային կառույցների  անդամներ, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետներ, Թբիլիսիի Սակրեբուլոյի՝ Ժողովրդական ժողովի ներկայացուցիչներ, բազում հավատացյալներ, քաղաքում գտնվող տարբեր ազգերի ներկայացուցիչ զբոսաշրջիկներ և հյուրեր:

Այս տեղեկությունը հայտնել է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը։

2023 թվականի հուլիսի 9-ին կայացած Տոլմայի փառատոնը մեկնարկեց Թեմակալ առաջնորդի կողմից սեղանների օրհնությամբ․

«Հայր Սուրբն իր խոսքում  արժևորեց  բոլոր կազմակերպիչների դերը  թեմի կյանքում հաստատված գեղեցիկ  ավանդույթն անխախտ պահելու գործում, գնահատանքի խոսքեր ուղղեց փառատոնին տոլմայով ներկայացած մասնակիցներին և ներկաներին հրավիրեց համտեսելու համեղ և ախորժալի տոլման», — նշված է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ սեղանների մոտ ազգային զարդանախշ գոգնոցներով զուգված հայ տիկնայք հրավիրում էին ներկաներին համտեսելու իրենց պատրաստած տոլման: Իսկ տոլմաները տարբեր էին՝ խաղողի տերևով, կաղամբով, խառը բանջարեղենով, սոխով, նաև` պասուց, քաղցր՝ չամիչով ու մեխակ-դարչինով, գազարով, պանրով  և այլն՝ բոլորն էլ գեղեցիկ ձևավորված ու ախորժալի: