«Իրականում համալսարաններ պետք է տարեկան ընդունվի 14 հազար 400 ուսանող»,- հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատաշուկայի վերլուծության շնորհանդեսի ժամանակ։
«Եթե մենք խստորեն հետևենք շուկայի պահանջներին, ցուցանիշը 14 հազար 400 է։ Սակայն, ի վերջո, երբ քվոտաները բաշխվեցին, մենք հաշվարկեցինք 5-ամյա հեռանկարը և հաշվի առանք նաև այսօր առկա հանգամանքները։ Օրինակ՝ իրավագիտության դեպքում ընդունվում է 3600 հոգի, մինչդեռ պահանջարկը մոտավորապես 700 իրավաբանի է։ Սակայն, այս ֆակուլտետի նկատմամբ դիմորդների պահանջարկն այնքան բարձր է, որ չի կարելի դա հաշվի չառնել, հետևաբար որոշում ենք կայացրել աստիճանաբար իջեցնել 700-ի ցուցանիշին։
Որպեսզի կտրուկ հակասություն չառաջացնենք դիմորդների պահանջարկի և ընդունելության միջև, որոշեցինք փուլային անցում կատարել օպտիմալ ցուցանիշներին։ Ըստ այդմ, իրավաբանական ֆակուլտետում 3600 դիմորդից իջնում ենք 1500-ի, իսկ հետագայում աստիճանաբար կապահովվի համապատասխան ցուցանիշների հավասարակշռումը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Նա նաև նշել է, թե հաշվի առնելով, որ որոշ մասնագիտությունների գծով պահանջարկը գերազանցում է առաջարկին, այս անգամ ընդունելություն կհայտարարվի մոտավորապես 21 հազար 300 ուսանողի համար։
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ն անցկացնում է աշխատաշուկայի վերլուծության շնորհանդես, որտեղ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ հետազոտությունը բավականին մասշտաբային է, վերջինիս շրջանակներում հարցում է անցկացվել 12 հազար 500 ձեռնարկություններում։ Նրա խոսքով՝ դրանցից 470-ը խոշոր ձեռնարկություններ են, 1752-ը՝ միջին, իսկ 10 հազար 278-ը՝ փոքր չափի ձեռնարկություններ։ Սխալմունքի սահմանը նվազագույն է՝ 0,49%։