Վրաստանի խորհրդարանում լրագրողների իրավունքները կսահմանափակվեն

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել է, որ օրենսդիր մարմնում աշխատելու ընթացքում սահմանափակումներ են մտցվելու լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։

Պապուաշվիլիի խոսքով՝ կհրապարակվի խորհրդարանի նախագահի հրամանը, որը սահմանում է խորհրդարանում հավատարմագրված լրագրողների վարքագծի կանոնները։ Ըստ նրա, կանոններից մեկի համաձայն` եթե խորհրդարանի պատգամավորը հարցազրույցի ընթացքում հրաժարվի ձայնագրվել, լրագրողը պարտավոր է դադարեցնել հարցազրույցը։

«Ինչ վերաբերում է խորհրդարանում հավատարմագրված լրագրողական գործունեության կանոններին, ապա՝ նրանք չպետք է միջամտեն խորհրդարանում ընթացող իրադարձություններին, առանց նախնական թույլտվության խորհրդարանի անդամի կամ գրասենյակի աշխատակցի աշխատասենյակը չպետք է լուսանկարեն, և եթե խորհրդարանի անդամը, գրասենյակի աշխատակիցը կամ խորհրդարան այցելած անձը հրաժարվի հարցազրույցը ձայնագրելուց, լրագրողը պետք է դադարեցնի հարցազրույցը:

Առանց խորհրդարանի անդամի, գրասենյակի աշխատակցի կամ խորհրդարան այցելող անձի համաձայնության չպետք է լուսանկարեն նրա փաստաթղթերը, հեռախոսի կամ այլ էլեկտրոնային սարքի էկրանն այնպես, որ դրա վրա առկա տեղեկատվությունը կամ պատկերը հնարավոր լինի տեսնել ու ընկալել, չպետք է թույլ տալ խորհրդարանում գտնվող անձի նկատմամբ անպարկեշտ, սեքսիստական, խտրական կոչեր կամ գործողություններ անել, պետք է ենթարկվել պետական ​​պահպանության ծառայության ցուցումներին և հրահանգներին: Հավատարմագրման վկայականը պետք է կրել տեսանելի տեղում և չտալ այլ անձի»,- ասել է Պապուաշվիլին։