Թեիմուրազ Կուպատաձեն նշանակվել է Վրաստանի ՆԳ փոխնախարար

Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի տեղակալ է նշանակվել ոստիկանության գնդապետ Թեիմուրազ Կուպատաձեն։

Կուպատաձեի նկատմամբ 2024 թվականի դեկտեմբերին Լիտվան, Լատվիան և Էստոնիան պատժամիջոցներ էին սահմանել՝ Վրաստանում բողոքի ակցիաները բռնի ուժով ցրելու պատճառով, իսկ «Ֆորմուլա»-ի հաղորդմամբ՝ նույն ժամանակահատվածում նրա մուտքը երկիր արգելել էր նաև Գերմանիան։

ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ Թեիմուրազ Կուպատաձեն մինչ այս զբաղեցնում էր Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը, նա նախարարությունում ղեկավար պաշտոններում աշխատելու բազմամյա փորձ ունի։

Կուպատաձեն այս պաշտոնում փոխարինել է Շալվա Թադումաձեին, որը, պաշտոնական տեղեկատվության համաձայն, զբաղեցրած պաշտոնից ազատվել է սեփական դիմումի հիման վրա։

Հատկանշական է, որ նախարարի ևս մեկ տեղակալ՝ Գելա Գելաձեն, պաշտոնից հրաժարական էր տվել նոյեմբերի 2-ին և նշանակվել «Վրաստանի նավթի և գազի կորպորացիա» ԲԸ-ի վերահսկիչ խորհրդի անդամ։