Մանրամասներ կորոնավիրուսով հիվանդ անչափահասների առողջական վիճակի մասին

Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայայի տեղեկատվությամբ, կորոնավիրուսով հիվանդ անչափահասների առողջական վիճակը դեռևս բավարար է գնահատվում:

Էզուգբայան հույս է հայտնել, որ նրանց առողջական վիճակը կշարունակվի նույն կերպ:

Կլինիկայում կորոնավիրուսով վարակված 4 անչափաս է բուժվում:

Այս պահի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 33 դեպք, կարանտինում է գտնվում 637, հատուկ ուշադրության ներքո՝ 54: Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին: Վիրուսը հայտնաբերվել է 50-ամյա մի տղամարդու մոտ, ով Վրաստան էր եկել Իրանից։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանում  ուսումնական հաստատությունները հեռահար են գործում, փակ են նաև թատրոնները, կազինոները, ժամանցի այլ վայրերը: Պետությունը կոչ է անում մեկուսանալ, չհաճախել մարդաշատ վայրեր: Սրա հետ մեկտեղ, չեղարկվել են մի շարք բազմամարդ միջոցառումներ՝ այդ թվում հարսանիքները ևս: Վրաստանը փակել է սահմանները գրեթե բոլոր հարևանների հետ: