«Վրացական երազանքը» Մկոյանին չի զրկի մանդատից

Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Իրակլի Կոբախիձեին ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարց է ուղղել՝ արդյոք կուսակցությունը չի պատրաստվում իրենց թիմակից Հենզել Մկոյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից ու արդյոք նա քրեական պատասխանատվության կենթարկվի, քանի որ կադրեր կան, որոնցում երևում է՝ ինչպես է պատգամավորը կրակում: Ի պատասխան Կոբախիձեն ասել է, որ Մկոյանը ինքնապաշտպանության նպատակով է կրակել՝ ի պատասխան Սամվել Պետրոսյանի հարձակման, ու նրան պատասխանատվության ենթարկելու պատճառ չկա:

«Տեսագրություն կա, որում երևում է կոնկրետ վայրում դեպքի ընդհանուր պատկերը: Այդ կադրերում պարզ երևում է, որ Սամվել Պետրոսյանը կրակում է քաղաքական գործչի, խորհրդարանի անդամի՝ Մկոյանի ուղղությամբ, իսկ վերջինս որպես պաշտպանություն՝ պատասխան է տալիս: Սա երևում է կադրերից, իսկ մնացածը դատարանը կորոշի: Եթե ես կրակեի ձեզ վրա, ու դուք պատասխանեիք, ձեզ չէին ձերբակալի», – ասել է Կոբախիձեն:

Ավելի վաղ ընդդիմադիր Միացյալ ազգային շարժումը ներկայացնող Խաթիա Դեկանոիձեն հատուկ բրիֆինգում հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստվում է երկրի գլխավոր դատախազություն դիմել, ինչպես նաև Ներքին գործերի նախարարություն, քանի որ Մկոյանի գործողությունները քրեորեն պատժելի են:

Հիշեցնենք՝ մարտի 26-ին, օրը ցերեկով կրակոցներ են հնչել Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ: Փաստի առթիվ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և 233-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով՝ խմբակային հանցագործություն և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերել և կրելը:

Այս թեմայով՝

Մկոյան ու Պետրոսյան ընտանիքները կրկին ուշադրության կենտրոնում․ Ախալքալաքի կրակոցների հետքերով