Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) նորագույն հետազոտության` Վրաստանում հարցված քաղաքացիների 68%-ին անհանգստացնում է գործազրկությունը, իսկ 67%-ին՝ տնտեսական ճգնաժամը։
Բացի վերոնշյալից, գլխավոր խնդրահարույց հարցերի թվում են հակամարտությունները, ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, տնտեսական ու քաղաքական խնդիրները։
Վրաստանի քաղաքացիներին ամենից շատ մտահոգող հարցերի պատկերը հետևյալ տեսքն ունի.
Հակամարտություններ և պատերազմներ – 80%
Ահաբեկչություն – 73%
Կազմակերպված հանցավորություն – 69%
Գործազրկություն – 68%
Տնտեսական ճգնաժամ – 67%
Գլոբալ համաճարակներ – 61%
Քաղաքական անկայունություն – 60%
Թուլացած ժողովրդավարություն – 60%
Աճող անհավասարություն – 57%
Փախստականներ – 54%
Բնակչության ծերացում – 47%
Կլիմայի փոփոխություն – 46%
Գերբնակեցում – 35%
Արհեստական բանականություն – 26%
Դրան զուգահեռ, Վրաստանում հետազոտության մասնակիցները նշել են, որ 18–21 տարեկան հասակում ծնողների տնից տեղափոխվելը նորմալ երևույթ է համարվում, սակայն վարձակալության բարձր գներն ու ցածր աշխատավարձերը դա գործնականում անհնարին են դարձնում։
«Անկախություն եմ ուզում, բայց Վրաստանում աշխատող ուսանողի դեպքում տան վարձ վճարելն ուղղակի անհնար է»,- պատասխանել է հետազոտությանը մասնակցած Վրաստանի քաղաքացիներից մեկը։
Նշված հետազոտությունն իրականացվել է 2025 թվականին՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 11 երկրներում ու տարածքներում՝ Ադրբեջանում, Բոսնիա և Հերցեգովինայում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Սերբիայում, Ուկրաինայում, Ուզբեկստանում և Կոսովոյում (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձև)։ Հարցմանը մասնակցել է ինտերնետային հասանելիություն ունեցող, 18-ից 39 տարեկան ավելի քան 13 հազար 500 ռեսպոնդենտ։