Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին այցելել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու և հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Ադրբեջան կատարած պաշտոնական այցս սկսեցի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմամբ»,- ֆեյսբուքում գրել է Մակա Բոճորիշվիլին։
«Հետաքրքիր և բովանդակալից զրույց ունեցանք Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության, տարածաշրջանում ընթացող գործընթացների, խաղաղության և կայունության կարևորության մասին»,- գրել է նա։
«Նաև քննարկեցինք համատեղ տնտեսական և էներգետիկ նախագծերը և «Միջին միջանցքի» զարգացման նոր հնարավորությունները»,- ասված է նրա տարածած տեղեկատվության մեջ։
«Մեր երկրներին կապում են բազմաթիվ ընդհանուր շահեր։ Կարևոր է այս ամուր գործընկերությունն ու բարեկամությունն էլ ավելի զարգացնել»,- կարդում ենք հաղորդագրության մեջ։
Արտաքին գործերի գերատեսչությունը զրույցի այլ մանրամասների մասին տեղեկատվություն չի տարածել։ Տեղեկատվություն դեռևս չի հրապարակել նաև Իլհամ Ալիևի լրատվական ծառայությունը։