Վրաստանի կառավարությունը խոր մտահոգությամբ հետևում է Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողություններին, որոնք սպառնում են տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությանն ու բարգավաճմանը, նշված է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ:
Կառավարությունը հայտարարությունը տարածել է այսօր` մարտի 2-ին:
«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին և Իրանի Իսլամական Հանրապետությանը, որտեղ շարունակվող ռազմական գործողությունները խլել են ամենամեծ թվով մարդկանց կյանքեր, այդ թվում՝ Գերագույն առաջնորդի, այլ քաղաքական առաջնորդների, բազմաթիվ անմեղ մարդկանց և տասնյակ երեխաների։
Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում մեր բարեկամ հրեա ժողովրդին և Իսրայելին՝ ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց կորստի համար։
Վրաստանի կառավարությունը լիակատար համերաշխություն է հայտնում արաբական երկրներին, որոնց հետ Վրաստանն առանձնահատուկ գործընկերային հարաբերություններ ունի։
Մենք հուսով ենք, որ Մերձավոր Արևելքում մոտ ապագայում կվերականգնվի խաղաղությունը, և ռազմական գործողությունները կփոխարինվեն դիվանագիտությամբ և քաղաքական երկխոսությամբ։
Վրաստանի կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները տարածաշրջանում մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և նրանց շահերը պաշտպանելու համար», — նշված է հաղորդագրության մեջ։