Այս տարվա սկզբից մինչ օրս Թբիլիսիի քաղաքապետարանը 10 հազար լարի միանվագ դրամական պարգև է տրամադրել 100 և ավելի բարձր տարիքի 68 քաղաքացու, մունիցիպալիտետի խորհրդի նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Ծրագիրը, որը նախատեսում է ֆինանսական աջակցություն 100 տարին լրացած անձանց, գործարկվել է անցյալ տարի։ Կալաձեի խոսքով՝ 2025 թվականին այս նպաստից օգտվել է ընդհանուր առմամբ 81 տարեց։
Շահառուների վիճակագրությունը.
- Թիվը՝ 81 անձ,
- Սեռային բաշխումը՝ 7 տղամարդ և 74 կին,
- Տարիքային խումբը՝ 64 անձ 100-ից բարձր տարիքի,
- Ամենատարեցները՝ երկու 106-ամյա կին։
Քաղաքապետի պարզաբանմամբ՝ այն տարեցները, որոնք արդեն օգտվել են նշված ծրագրից մինչև 2026 թվականը, կարիք չունեն կրկին դիմում գրելու։ Գումարը նրանց փոխանցվում է ուղղակիորեն բանկային քարտին։
«Այս տարվա սկզբից մինչ օրս քաղաքապետարանից որպես նվեր 10 հազար լարի է փոխանցվել 100 և ավելի տարեկան 68 քաղաքացու։ Մեր նպատակն է առավելագույնս օգնել այս մարդկանց»,- ասել է Կախա Կալաձեն։
Ում 100 տարին լրանում է այս տարի, գումարը ստանալու համար պետք է դիմում ներկայացնի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ծառայությունների քաղաքային վարչություն։
Անհրաժեշտ փաստաթղթերը.
- Շահառուի անձնագիրը (նույնականացման քարտ),
- Տեղեկանք քաղաքացիական ռեգիստրից (Թբիլիսիում վերջին 1 տարվա ընթացքում անընդմեջ գրանցման մասին):