Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը (ԹՊԲՀ), բացի օտարերկրացի ուսանողներից, ծրագրում է ներգրավել նաև օտարերկրացի բուժառուների։
Համապատասխան ծառայությունների մատուցման համար համալսարանը հայտարարել է 500 հազար լարիի պարզեցված գնում։
Գնումների կայքում հրապարակված պարզաբանման մեջ նշված է, որ Պետական բժշկական համալսարանը շահագրգռված է նաև բժշկական ծառայությունների արտահանմամբ։
«Օտարերկրացի ուսանողների ներգրավումը ծառայությունների արտահանման յուրահատուկ տեսակ է, ինչը խիստ կարևոր է երկրի դրական առևտրային հաշվեկշռի ձևավորման տեսանկյունից։ Օտարերկրյա քաղաքացիների առավելագույն ներգրավվածությունը վրացական կրթական տարածքում կարևոր է Վրաստանի՝ որպես կրթական հաբի հանրայնացման համար և էապես կնպաստի կրթության որակի կատարելագործմանն ու դրական ազդեցություն կունենա տնտեսական զարգացման գործընթացի վրա։
Բացի օտարերկրացի ուսանողների ներգրավումից, ծառայությունների արտահանման նմանատիպ տեսակ է համարվում բժշկական տուրիզմը, որը վերջին տարիներին Վրաստանում առաջնահերթություն է։ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը շահագրգռված է այս տիպի ծառայությունների արտահանմամբ, քանի որ համալսարանն ունի ժամանակակից ստանդարտներին համապատասխանող, բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած և որակյալ կադրերով համալրված համալսարանական կլինիկաներ, որոնք ռեսուրս և հնարավորություն ունեն որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու օտարերկրացի բուժառուներին։
Օրակարգում է օտարերկրյա այն պրովայդերների կամ գործակալությունների հետ համագործակցության հարցը, որոնք զբաղվում են օտարերկրացի ուսանողների և բուժառուների ներգրավմամբ և զուգահեռաբար կգովազդեն Վրաստանի կրթական հնարավորությունները», — գրված է փաստաթղթում։
Այս հարցի շուրջ bm.ge-ն կապ է հաստատել բժշկական համալսարանի ռեկտոր Իրակլի Նատրոշվիլիի հետ, և վերջինս նշել է, որ ԹՊԲՀ-ն օտարերկրացի բուժառուներին ծառայություններ չէր մատուցում, իսկ այժմ դա վերաբերում է միայն ստոմատոլոգիական ծառայություններին։
«Մինչ այժմ մենք նման փորձ չենք ունեցել։ Սա վերաբերում է միայն ստոմատոլոգիային։ Այժմ ցանկանում ենք ներդնել այս սպասարկումը», — ասել է նա։
Գնումների պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ օտարերկրացի ուսանողների և բուժառուների ներգրավման ծառայությունները ԹՊԲՀ-ում կիրականացվեն 2026 թվականի ընթացքում։