Սողանքի պատճառով փակվել է Քութաիսի-Տկղիբուլի-Ամբրոլաուրի ճանապարհահատվածը

Տկղիբուլիի մունիցիպալիտետում սողանքների հետևանքով մի քանի տուն է փլուզվել, նաև վնասվել է ավտոճանապարհը, որտեղ այս պահին տեղաշարժը սահմանափակված է, BMG-ին հայտնել են Տկղիբուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանից։

Մասնավորապես, քաղաքապետարանի հաղորդմամբ՝ ներպետական նշանակության Քութաիսի-Տկղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի ունեցած սողանքի պատճառով վնասվել է ճանապարհի երթևեկելի մասը, ինչի պատճառով այդ հատվածում ժամանակավորապես արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Ճանապարհի փակ լինելու ընթացքում ավտոտրանսպորտը կտեղաշարժվի Մաղարո գյուղի միջոցով՝ օգտագործելով տեղական նշանակության ճանապարհը։

Քաղաքապետարանը նաև հայտնել է, որ Կուրսեբի գյուղում սողանքների պատճառով Բերոձեների և Գոգոլաշվիլիների թաղամասերից տարհանվել է 45 ընտանիք։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սողանքային գոտուց տարհանվել է 45 ընտանիք։ Նրանք ժամանակավորապես տեղավորվել են հյուրանոցներում և ամբողջությամբ ապահովված են առաջնային անհրաժեշտության իրերով ու դեղորայքով։

Կուրսեբի գյուղի Բերոձեների և Գոգոլաշվիլիների թաղամասերում տեղի ունեցած սողանքների պատճառով ստեղծված արտակարգ շտաբը շարունակում է աշխատանքը 24-ժամյա ռեժիմով», — հաղորդել են քաղաքապետարանից։