Մոսկվան շարունակում է Աբխազիան Ռուսաստանին միացնելու գործընթացը․ կարծիքներ

Ռուսաստանը «երկքաղաքացիության հարցերի կարգավորման մասին» համաձայնագիր կստորագրի Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի հետ. համապատասխան հրամանագիրը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փաստաթղթի տեքստի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ աբխազական «քաղաքացիություն»՝ առանց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և հակառակը։

Վրաստանյան քաղաքական դաշտի կողմից այդ քայլը դիտարկվում է որպես Աբխազիան Ռուսաստանին միացնելով՝ Վրաստանի վրա ազդելու մեխանիզմ:

«Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» հիմնադիր, հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ օգտագործելով բոլոր մեթոդները՝ Ռուսաստանը փորձում է միացնել Աբխազիան և ուժեղացնել իր ազդեցությունը Վրաստանի վրա։

«Նպատակն է ռուսացնել Աբխազիան և փոխել Վրաստանի կառավարության քաղաքական ուղեծիրը։ Դրա համար նա ձեռնարկում է բոլոր քայլերը և վարում է հեռուն գնացող քաղաքականություն։ Ռուսաստանը երկար ժամանակ թաքցնում էր այդ քաղաքականությունը՝ փորձելով քողարկել սեփական մոտեցումը, իսկ հիմա բացահայտ սկսել է իրականացնել ռուսաֆիկացման քաղաքականությունը»,- ասում է Նանուաշվիլին:

Նախկին օմբուդսմենի կարծիքով՝ Վրաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մարտահրավերներին և առաջին հերթին ամրապնդի գործընկերային համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և Արևմուտքի հետ.

«Կարևոր է նաև Աբխազիայի բնակչության հետ սերտ հարաբերությունների վերականգնումը և ընթացիկ գործընթացների մասին նրանց օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելը»:

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիայի» զրույցում ասում է, որ Ռուսաստանը փորձում է պահպանել ստատուս քվոն Աբխազիայի հետ՝ բռնակցելով մյուս տարածքները ևս:

Ըստ նրա՝ Ռուսաստանը նախ աբխազների համար մի պատմվածք է հորինել, որտեղ վրացիները թշնամի են, իսկ Ռուսաստանը՝ փրկիչ, իսկ այժմ զբաղվում է Աբխազիայի ամբողջական օկուպացիայով:

«Կարծես թե Մոսկվան որոշել է Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի հանձնման պահանջով վերջապես ճնշել Աբխազիայի դիմադրությունը»,- ասում է Մելաշվիլին:

Մելախշվիլիի խոսքով, «երկքաղաքացիության» մասին հրամանագիրը մեծ վտանգ է ներկայացնում օկուպացված տարածքի ժողովրդագրության համար, քանի որ վրացիների էթնիկ զտումներից հետո վերստին փոխելու է տարածաշրջանի էթնիկ պատկերը՝ Աբխազիան վերջնականապես դարձնելով Ռուսաստանի մաս:

Ռուսաստանը «երկքաղաքացիության» մասին համաձայնագիր կստորագրի Աբխազիայի հետ