2023 թվականին «Ուսուցչի ազգային մրցանակ»-ի լավագույն տասնյակում ընդգրկվեց Ռադիոնովկա գյուղի հանրային դպրոցի հայազգի, վրացերենը որպես երկրորդ լեզու առարկայի ուսուցչուհի Մանուշակ Մկրտչյանը։ Տասնյակում հայտնվելը նրա համար պարզապես մասնագիտական ձեռքբերում չէ` տարիների աշխատանքի, ինքնակրթության և գյուղում կրթական միջավայր փոխելու հետևողական ջանքերի գնահատականն է։
«Չեմ կարող նկարագրել զգացմունքներս․ լինելով վրացիների և այլ ազգի ուսուցիչների հետ միասին լավագույն տասնյակում՝ մեծ պատիվ ու հպարտություն եմ զգում։ Սա կարևոր է ոգեշնչելու համար ուսուցիչներին, որ էլ ավելի մեծ նվիրումով կրթեն երիտասարդներին, իսկ իմ դեպքում՝ խթանեն պետական լեզվի իմացությունը»,- ասաց Մկրտչյանը։
Մանուշակ Մկրտչյանը շուրջ 15 տարի դասավանդում է Ռադիոնովկայի դպրոցում։ Աշխատանքը սկսել է ընդամենը 18 տարեկանից, հետագայում հանձնել է ուսուցչի կարգավիճակի բարձրացման քննությունները և դարձել ավագ ուսուցիչ։ Նրա խոսքով՝ այդ ճանապարհը հեշտ չի եղել։
Վրացերեն սովորելու ճանապարհին ինքն էլ է բախվել դժվարությունների։ Պետական լեզուն սովորել է ինքնակրթությամբ, ընկերների օգնությամբ, հաղորդակցության միջոցով։ Այսօր նա համոզված է. «Վրաց լեզուն կարելի է սովորել միայն շփման միջոցով»։
«Փորձում եմ գունավորել աշակերտների դասապրոցեսը գունավոր ռեսուրսներով, ոչ ֆորմալ կրթությամբ։ Ուզում եմ երեխաներին ցույց տալ, որ միայնակ չեն, և ամեն գնով սերմանել նրանց մեջ վրաց լեզվի կարևորությունը։ Առանց կոմունիկացիայի դա շատ դժվար է»,- կարծում է ուսուցչուհին։
Մկրտչյանի գործունեությունը չի սահմանափակվում դասասենյակով։ Գյուղացիների աջակցությամբ նա բարեկարգում է իրենց տան մոտ գտնվող հին, չգործող գրադարանը՝ վերածելով երիտասարդական կենտրոնի։ Նպատակը մեկն է՝ փոխել գյուղի «սև ու սպիտակ» առօրյան, գույներ բերել դպրոց և համայնք։
Կենտրոնում անցկացվում են վրացերենի դասընթացներ, թրեյնինգներ, սեմինարներ։ Ուսուցչուհին իր վրացի ընկերներին հրավիրում է գյուղ, ծանոթացնում աշակերտների հետ, կազմակերպում խաղերով դասեր՝ ստեղծելով լեզվական կենդանի միջավայր։
Մանուշակ Մկրտչյանն ու նրա դուստրը՝ Շուշան Մկրտչյանը, Փարվանա գյուղում հիմնել են նաև «Աի Իա» երիտասարդական կենտրոնը։ Նախկին խարխուլ գրադարանը վերածվել է երիտասարդների հանդիպման վայրի։ Այստեղ պահպանվել են օգտագործելի գրքերը, բերվել են գույք, ձեռագործ դեկորներ, և երկու սենյականոց շինությունը դարձել է կրթական ու մշակութային հարթակ։
Սակայն դժվարությունները չեն նահանջում․ ձմռանը Փարվանա գյուղը հաճախ կտրվում է քաղաքից, ճանապարհները դառնում են անանցանելի, բնական գազ չկա, իսկ կենտրոնը ջեռուցվում է փոքր վառարանով։ Չկա նաև դոնորների կամ տեղական ինքնակառավարման ֆինանսավորում․ ամեն ինչ արվում է տեղական ակտիվ երիտասարդների ուժերով։
Ուսուցչուհին խոստովանում է՝ բարդ է համատեղել դասավանդումը կենցաղային հոգսերի, երեխաների դաստիարակության և գյուղատնտեսության հետ։ Նրա ընտանիքը պահում է շուրջ 30 եղջերավոր անասուն, որոնց խնամքով զբաղվում են ինքն ու ամուսինը։ Այդուհանդերձ, նա շարունակում է անցկացնել անվճար դասընթացներ իր տանը, հանգստյան օրերին պարապել վրաց լեզու և մշակել նոր նախագծեր։
Այսօր Մկրտչյանը մասնակցում է ինտեգրման հետ կապված դասընթացների, փորձում է դոնորներ գտնել, որպեսզի կարողանա կայուն հիմքի վրա զարգացնել կենտրոնի գործունեությունը։ Նրա նպատակը հայ և վրացի աշակերտների միջև փոխանակման ծրագրերի իրականացումն է, շարունակական կապի ստեղծումը, որը կխորացնի լեզվական և մշակութային ինտեգրումը։
Մանուշակ Մկրտչյանի հետ հարցազրույցը դիտեք նշված հղումով:
Մասնագիտությունն ընտրել է գյուղի կարիքներից ելնելով։ Վրացերենի ուսուցիչները հաճախ էին հեռանում գյուղից եղանակային դժվարությունների պատճառով։ 7-րդ դասարանից տեղափոխվելով հարևան գյուղ՝ իր ուսուցչուհուց ոգեշնչված, Մանուշակն ինքն է որոշել դառնալ այն մարդը, որը կփոխի իրավիճակը։
Այսօր նրա պատմությունը ոչ միայն անհատական հաջողության օրինակ է, այլև համայնքային փոփոխության մոդել։ Լավագույն տասնյակում ընդգրկվելը նրա համար վերջնակետ չէ, այլ նոր սկիզբ՝ Ջավախքում կրթության, լեզվական ինտեգրման և երիտասարդների հնարավորությունների ընդլայնման ճանապարհին։
Փարվանա գյուղի երիտասարդական կենտրոնի սաներից մեկը Շուշան Մկրտչյանն է. նա Մանուշակի դուստրն է: Շուշանը նշեց, որ գյուղում հնարավորությունները սահմանափակ են, բայց կենտրոնի դերը մեծ է այդ առումով:
Շուշանի հետ հարցազրույց դիտեք անցնելով հղումով: