Մարդու իրավունքների պաշտպանությունը դեռ խնդիր է Վրաստանում. պետդեպարտամենտ

Վրաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքների խախտման դեպքերը հետաքննելու համար, սակայն մեղավորների անպատժելիությունը մնում է խնդիր՝ ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների մասին 2021 թվականի զեկույցում։

Փաստաթղթում խոսվում է հուլիսի 5-6-ի իրադարձությունների մասին։

«Կառավարության կողմից հուլիսի 5-6-ի բռնությունների վերաբերյալ արժանի հետաքննություն չանցկացնելը և բռնության կազմակերպիչներին քրեական պատասխանատվության չենթարկելը հանգեցրել է բռնության անպատժելիությանը», — ասված է զեկույցում:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում հուլիսի 5-ին նախատեսված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը» չեղարկվել էր անցկացման պահից մի քանի ժամ առաջ: Պատճառը՝ ծայրահեղական խմբերի կողմից դրսևորած քայլերն էին՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշի պատռելու դեպքեր:

Իսկ հուլիսի 6-ին կազմակերպվեց խաղաղ ցույց ի աջակցություն տուժած լրագրողների և ԼԳԲՏ համայնքի։ Բախումներ տեղի ունեցան նաև այս ակցիայի ժամանակ, վիրավորվեցին մի քանի ոստիկան և լրագրող: