Փաշինյանը՝ հայ վրացական հարաբերությունների մասին

Արտաքին քաղաքականության տարբեր վերկտորներ ունենալու հանգամանքի ազդեցությունը հայ-վրացական հարաբերությունների վրա հասցված է նվազագույնի։ ԱԺ-ում անդրադառնալով հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին,  հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թորոսյանը կարևորել է հայ-վրացական հարաբերությունները երեք ասպեկտով՝ տարանցումը գլխավորապես Վրաստանի տարածքով է, Վրաստանում մեծ հայկական ազգաբնակչություն կա, տարածաշրջանային անվտանգության առումով փոխադարձ շահեր ունեն:

«Իհարկե, դժվար է գերագնահատել մեր երկրների միջև հարաբերությունների հարցը, բայց նաև պետք է արձանագրել, որ այդ հարաբերությունների վրա նաև հարակից գործոնները որոշակի ազդեցություն բերում են: Եվ այդ ազդեցությունը ոչ թե բարոյահոգեբանական է, այլ՝ ավելի շատ կառուցակարգային: Նաև արտաքին քաղաքականության ոլորտում  տարբեր վեկտորներ ունենալու հանգամանքը, ինտեգրացիոն տարբեր համակարգեր ընտրելու հանգամանքը որոշակի ազդեցություն ունենում է: Բայց պետք է գոհունակություն հայտնել այն փաստի առումով, որ փաստացի այդ ազդեցությունը մեր հարաբերությունների վրա հասցված է նվազագույնի»,-ասել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է, որ պետք է փորձել աշխատել, որ նույնիսկ այդ նվազագույն ազդեցությունը չնկատվի երկու երկրների տնտեսական հարաբերություններում, մանավանդ, որ գործում է ազատ առևտրի համաձայնագիր։

Անդրադառնալով նաև Ստեփանծմինդա-Լարսում առաջացող խնդիրներին, Փաշինյանն ասել է․

«Տարանցման հետ կապված հարցեր կան, որոնք պարզապես անհաղթահարելի են։ Եղանակային պայմանների պատճառով, երբ Վերին Լարսը փակվում է, ոչ Վրաստանի, ոչ Հայաստանի կառավարությունը ինչ-որ իրավիճակներում ոչինչ անել չի կարողանում»:

Փաշինյանը հիշեցրել է, որ այժմ աշխատանքներ են տարվում լաստանավի գործարկման ուղղությամբ․  «Հիմա մենք լաստանավի գործարկման որոշում ենք կայացրել, և դեռ պետք է տեսնենք՝ կաշխատի՞, թե՞ ոչ»։

Նա նաև ընդգծել է, որ Վրաստանի հետ միջպետական հարաբերությունների խնդիրը տնտեսական, քաղաքական, մշակութային և բոլոր ոլորտներում համագործակցությունը մաքսիմալ արդյունավետ դարձնելն է: Վրաստանի  հայրենակիցների գործոնը շատ էական է այս հարաբերություններում․ «Եվ մենք հետևողական ենք այդ հարցերում: Ուրախ ենք, որ Վրաստանի կառավարությունը և մեր կառավարությունը այս հարցերում տարընթերցումներ չունեն: Մնում է կոնկրետ նախագծերը, կոնկրետ գործերն իրականացնել արդյունավետ և փոխադարձ վստահության և բարեկամության մթնոլորտում»։