Ծրագրվում է սահմանափակել մեկանգամյա և բազմակի օգտագործման տոպրակների սպառումը

Վրաստանի կառավարությունը ծրագրում է սահմանափակել նաև մեկանգամյա և բազմակի օգտագործման տոպրակների սպառումը։ «Ռուսթավի 2»-ի եթերում այս մտադրության մասին հայտնել է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալը։

Սոլոմոն Պավլիաշվիլին, խոսելով պլաստիկ շշերով ըմպելիքների վաճառքի արգելքի մասին, ուշադրություն է հրավիրել թափոնների կառավարման պետական քաղաքականության վրա և նշել, որ կենսաքայքայվող (բիոդեգրադացվող) տոպրակները նույնքան վնասակար են շրջակա միջավայրի համար։ Նա չի հստակեցրել, թե երբվանից է գործարկվելու նոր սահմանափակումը։

«Գետերում թափոնների 88%-ը պլաստիկն է։ Դրանց մեջ են նաև պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման իրերը, որոնք արդեն արգելել ենք։ Կան նաև ինչպես մեկանգամյա, այնպես էլ բազմակի օգտագործման տոպրակներ, որոնց սահմանափակումն ապագայում ծրագրում ենք, քանի որ դրանք ևս աղտոտիչ են։

Համաշխարհային բանկի հետազոտությունը ևս հաստատել է, որ բիոդեգրադացվող տոպրակ լինի, թե օքսո-բիոդեգրադացվող, միևնույն է` պլաստիկի պես թափոն է։ Անհրաժեշտ է ավելի խիստ միջոցներ ձեռնարկել, բայց այստեղ ևս ցանկանում ենք սինխրոնացված լինել մասնավոր հատվածի հետ», — ասել է Սոլոմոն Պավլիաշվիլին։