Կոբախիձեն շնորհավորել է Վրաստանի մահմեդականներին Ռամադան և Նովրուզ Բայրամի առթիվ

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի մահմեդականներին Ռամադան և Նովրուզ Բայրամի առթիվ՝ հատուկ շնորհակալություն հայտնելով համազգային սգի օրերին ցուցաբերած զուսպ կեցվածքի համար։

«Մեր մահմեդական համաքաղաքացիներին փոքր-ինչ ուշացումով, սակայն սրտանց շնորհավորում եմ Ռամադանի և գարնանային գալստյան տոնի՝ Նովրուզ Բայրամի առթիվ: Այս տարի այս տոները համընկան մեր երկրի համար ծանրագույն ժամանակաշրջանի՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվանը և համազգային սգի օրերին:

Հատուկ երախտագիտություն եմ հայտնում մահմեդական համայնքին՝ անկեղծ ցավակցության, մեր ընդհանուր վշտին ապրումակցելու և այս օրերին տոնական միջոցառումները չեղարկելու համար: Մենք երբեք չենք մոռանա այս եղբայրական աջակցությունը:

Հենց թե՛ նեղության, թե՛ ուրախության պահին միասին լինելն է այն ամուր հիմքը, ինչին հենվում է մեր միասնությունը: Դարեր շարունակ մեր նախնիները կողք կողքի կերտել են Վրաստանի պատմությունը, և մենք էլ՝ այսօրվա սերունդներս, միասին կառուցում ենք նրա ավելի լավ ապագան:

Սրբազանն (Իլիա II) օժտված էր մուսուլման համայնքի նկատմամբ առանձնահատուկ հարգանքով ու եղբայրական սիրով: Նա փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության և հանդուրժողականության կենդանի օրինակ էր: Մեր գլխավոր պարտքն ենք համարում հենց այս մեծ ժառանգության շարունակումը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս մեծ տոների առթիվ: Խաղաղություն, առողջություն և բարօրություն եմ մաղթում ձեր ընտանիքներին»,- ասված է հայտարարության մեջ։

Մահմեդական ավանդույթի համաձայն` հենց Ռամադանի ժամանակահատվածում է Գաբրիել հրեշտակը Մուհամեդ մարգարեին փոխանցել առաջին աստվածային հայտնությունը, որը դարձել է մահմեդականների սուրբ գրքի` Ղուրանի հիմքը: