Հոգեբանության մագիստրոսական ծրագիրը կրկին կդառնա 2-ամյա

Կրթության նախարար Գիվի Միքանաձեի փետրվարի 20-ի հրամանում նշված էր, որ հոգեբանության, նաև տասնյակ այլ մագիստրոսական ծրագրերի ուսուցման տևողությունը կրճատվում է մինչև 1 տարի: Մեկ ամիս անց՝ մարտի 23-ին, նախարարը փոփոխություններ է կատարել իր հրամանում և հոգեբանության մագիստրատուրայի ուսուցման տևողությունը կրկին դարձրել է մինչև 2 տարի:

Հրամանում փոփոխություններն իրականացվել են այն բանից հետո, երբ հոգեբանները և հոգեբանության բնագավառի պրոֆեսորադասախոսական կազմը դիմել են նախարարությանը՝ ուսուցման ժամկետը պահպանելու պահանջով: Նրանց պնդմամբ` ուսուցման ժամկետի կրճատումը «կհանգեցնի անբավարար որակավորմամբ և անմրցունակ հոգեբանների պատրաստմանը, ինչը նրանց կհեռացնի միջազգային կրթական և մասնագիտական չափանիշներից»:

«Սա ավտոմատ կերպով նշանակում է մասնագիտական որակազրկում և Վրաստանում պատրաստված հոգեբանի որակավորում ունեցող անձի անհամատեղելիություն նվազագույն չափանիշներին»,- ասված էր Միքանաձեին ոլորտի մասնագետների ուղարկած նամակում:

Մագիստրոսական մակարդակի ուսումնական ծրագրերի մեծ մասի համար ուսուցման տևողությունը 2-ից կրճատվել է 1 տարի՝ «Վրացական երազանք»-ի նախաձեռնած կրթական բարեփոխումների շրջանակներում: Բարեփոխումը ենթադրում է նաև բակալավրիատի ուսուցման կրճատում 4-ից մինչև 3 տարի:

Գիվի Միքանաձեի փետրվարի 20-ի հրամանով սահմանված են այն ուսումնական ծրագրերը, որոնց դեպքում կպահպանվի բակալավրիատի 4-ամյա և մագիստրատուրայի 2-ամյա ուսուցումը: Դրանց թվում են դեղագործությունը, երկրաբանությունը, ավիացիոն ինժեներիան և այլն:

3-ամյա բակալավրիատի ծրագիրը կվերաբերի ոչ միայն ապագա ուսանողներին, ինչպես սկզբնապես ասում էին «Վրացական երազանք»-ի առաջնորդները, այլև նրանց, ովքեր համալսարան են ընդունվել 2025 թվականին: