ԵՄ կարգավիճակ ստանալու համար համոզիչ քայլեր չենք տեսել . Լանդսբերգիս

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը դեռևս համոզիչ քայլեր չի ձեռնարկել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Ըստ նրա՝ այսօր Վրաստանը կանգնած է Եվրամիություն տանող ճանապարհին՝ Ուկրաինայից և Մոլդովայից անջատ ուղու վրա, և Վրաստանի ԵՄ ուղի վերադարձի բանալին երկրի կառավարության ձեռքին է։

«Ես շատ կուզենայի տեսնել, որ Վրաստանի կառավարությունն ավելի ակտիվ է գործում, ավելի շատ եռանդով և ուժով ու ավելի վճռականությամբ՝ թեկնածուի կարգավիճակի հասնելու համար: Առայժմ մենք համոզիչ քայլեր չենք տեսել»,- ասել Լանդսբերգիսը։

Նշենք, որ Եվրոպական խորհուրդը հունիսի 23-ին Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում որոշում է կայացրել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի թեկնածուի կարգավիճակի մասին։

Այս որոշմամբ՝ Ուկրաինային և Մոլդովային կտրվի թեկնածու երկրի կարգավիճակ, Վրաստանին կտրվեն եվրոպական հեռանկար և պայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։