Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը, որը գլխավորել է Ալեխանդրո Հաջդենբերգը:
Էկոնոմիկայի նախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և ԱՄՀ-ի միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել Վրաստանի տնտեսական ցուցանիշներին և ոլորտային միտումներին, էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում ընթացող ու պլանավորված բարեփոխումներին, ներդրումային միջավայրին և խոշոր ենթակառուցվածքային նախագծերին:
«Ինչպես նշել է նախարարը, երկրի տնտեսական աճի դրական դինամիկան շարունակվում է. 2025 թվականին արձանագրվել է 7,5% տնտեսական աճ, իսկ 2026 թվականի հունվարին աճը կազմել է 7,9%: Նախարարը խոսել է խոշոր ենթակառուցվածքային նախագծերի մասին, որոնք կնպաստեն ուղղակի օտարերկրյա ներդրումների ավելացմանը։ Մարիամ Քվրիվիշվիլին հատուկ ուշադրություն է դարձրել Eagle Hills-ի խոշորագույն ներդրմանը և նշել, որ Թբիլիսիում ու Աջարիայում իրականացվելիք նախագծերը կխթանեն երկրի զբոսաշրջային ներուժին և զգալի տնտեսական օգուտ կբերեն երկրին։
Ըստ նախարարի՝ Վրաստանի զարգացման բարեփոխումների օրակարգի հիմնական ուղղությունները կենտրոնացված են մակրոտնտեսական դիմակայունության հզորացման, ազգային խնայողությունների ավելացման և արտադրողականության բարձրացման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Արժույթի հիմնադրամի առաքելությունը Վրաստան կատարած այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նաև կառավարության և Ազգային բանկի ներկայացուցիչների հետ: Առաքելության ամփոփիչ մամուլի ասուլիսը նախատեսված է ապրիլի 7-ին։