«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի նախագահի նստավայրում։ Կողմերը խոսել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի և տարբեր ոլորտներում հաջող համագործակցության մասին։
«Միխեիլ Կղավելաշվիլին հանդիպման ժամանակ նշել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ամուր ռազմավարական գործընկերության բարձր նշաձողի պահպանումն ու դրա բազմակողմանի զարգացումը Վրաստանի համար առաջնահերթություն է։
Առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է, որ ընթացիկ աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին, երբ միջազգային կարգը հիմնավորապես փոխվում է, տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումն էլ ավելի մեծ նշանակություն է ստանում։
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար։
Միխեիլ Կղավելաշվիլին նաև շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ Բաքվում Վրաստանի դեսպանատուն այցելելու և անկեղծ ցավակցություն հայտնելու համար։
Հանդիպման ավարտից հետո Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում»,- ասված է հաղորդագրության մեջ։