Զորակոչի ծանուցագրին առնչվող նոր կարգ

Արտերկիր ժամանակավոր մեկնած զորակոչիկը պարտավոր կլինի բանակ զորակոչվելու մասին ծանուցումը ստանալուն պես վերադառնալ Վրաստան և ներկայանալ զորակոչային հանձնաժողովին։

Ծանուցագիրը հանձնված կհամարվի նաև այն պահից, երբ կհրապարակվի զորակոչի համար պատասխանատու մարմնի պաշտոնական կայքում։

Փոփոխություններ են կատարվում «Պաշտպանության օրենսգրքում» և «Վրաստանի քաղաքացիների՝ Վրաստանից մեկնելու և Վրաստան մուտք գործելու կանոնների մասին» Վրաստանի օրենքում։

Փոխվում են զորակոչիկների ազգային զինվորական ծառայության կանչելու համար ծանուցման/ծանուցագրի հանձնման ընթացակարգերը։

Զինվորական հաշվառման կանգնելու կամ ազգային զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով ծանուցագիրն անձամբ չստանալն այլևս զորակոչիկին չի ազատի պատասխանատվությունից։

Նման դեպքում ծանուցումը/ծանուցագիրը կհրապարակվի զորակոչի համար լիազորված մարմնի պաշտոնական կայքում ոչ ուշ, քան 2-րդ աշխատանքային օրը։ Հրապարակումից 7 օր անց ծանուցագիրը կհամարվի պաշտոնապես հանձնված։

«Այս դեպքում անձը պարտավոր կլինի ծանուցագիրը պաշտոնապես հանձնված համարվելուց հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում ներկայանալ զորակոչի համար լիազորված մարմին»,- ասված է բացատրագրում։

Կորոշվեն նաև ընտանիքի այն անդամները, որոնց ծանուցագրի հանձնումը կհամարվի վավեր։ Սա կկարգավորվի կառավարության որոշմամբ, որը կմշակվի և կհրապարակվի օրենքի ընդունումից հետո։

«Վրաստանի քաղաքացիների՝ Վրաստանից մեկնելու և Վրաստան մուտք գործելու կանոնների մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին կետում կկատարվի տեխնիկական փոփոխություն․ «համապատասխան ծանուցումը ստանալուն պես» բառերը կփոխարինվեն «համապատասխան ծանուցումը/ծանուցագիրը հանձնված համարվելուն պես» բառերով։

Հենց այս ձևակերպումն էլ կպարտավորեցնի երկրից դուրս գտնվող զորակոչային տարիքի անձանց վերադառնալ Վրաստան։