Խորհրդարանականների 83 տոկոսը հայտարարագիրը լրացրել է խախտումներով

Լուսանկարը՝ BPN-ի

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) զեկույցի համաձայն՝ 2022 թվականին յուրաքանչյուր երկրորդ պաշտոնյան հայտարարագրում նշել է թերի տեղեկատվություն, իսկ խորհրդարանի անդամների 83 տոկոսը հայտարարագիրը լրացրել է խախտումներով։

ՀԿ-ի փոխանցմամբ՝ բացասական գնահատված հայտարարագրերի 78 տոկոսում ընտանիքի անդամների տվյալները սխալ են։ 2022 թվականին Հանրային ծառայության բյուրոն ստուգել է 346 պաշտոնատար անձի գույքային հայտարարագրեր, որոնցից 181-ը (52 տոկոս) լրացված են խախտումներով։ TI-ը նշում է, որ Բյուրոյի որոշմամբ տուգանվել է 136 պաշտոնյա (39 տոկոս), իսկ 45-ը (13 տոկոս) ստացել է նախազգուշացում։

Ըստ կազմակերպության՝ թեև նախորդ տարվա համեմատ բացասական գնահատված հայտարարագրերի թիվը նվազել է 4 տոկոսով, սակայն 52 տոկոսը բարձր ցուցանիշ է և նշանակում է, որ յուրաքանչյուր երկրորդ հայտարարագիրը թերի կամ խախտումներով է։

TI-ը նշում է, որ 2021 թվականի համեմատությամբ վատթարացել է հայտարարագիրը սխալ լրացած պատգամավորների թիվը, քանի որ հաշվետվության համաձայն՝ 2021-ին պատգամավորների հայտարարագրերի 42 տոկոսն է գնահատվել բացասական, իսկ 2022 թվականի հաշվետվության մեջ այդ թիվը հասնում է 83 տոկոսի:

Ըստ զեկույցի հեղինակների՝ խախտումների բարձր ցուցանիշ ունեն՝ պետական ​​ձեռնարկությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարները (67 տոկոս), քաղաքապետարանի պաշտոնյաները (55 տոկոս)։

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի՝ 2022 թվականին բացասական գնահատված հայտարարագրերի մեծ մասում պաշտոնյաները միաժամանակ մի քանի տեսակի խախտումներ ունեն: