Պլաստիկ շշերով վաճառքի արգելքը հետաձգվել է

Պլաստիկ շշերով խմիչքների վաճառքի արգելքը 4 տարով՝ մինչև 2031 թվական, հետաձգվել է, կառավարության նիստում այսօր՝ ապրիլի 8-ին, հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ որոշումը փոխվել է բիզնես հատվածի հետ ակտիվ խորհրդակցությունների արդյունքում։

«Ինչպես գիտեք, պլաստիկի օգտագործումը վնասում է թե՛ մարդկանց առողջությանը, թե՛ շրջակա միջավայրին։ Մի քանի կարևոր քայլ արդեն ձեռնարկվել է պլաստիկի սպառման նվազեցման ուղղությամբ, և այս գործընթացը փուլ առ փուլ կշարունակվի։

Սակայն, միաժամանակ, մենք պետք է հաշվի առնենք այս գործընթացի հետ կապված կողմնակի գործոնները, այդ թվում՝ բիզնեսի սուբյեկտիվ շահերը, նաև կոնկրետ կանոնակարգերի հնարավոր ազդեցությունը սպառողական գների վրա։

Մենք ակտիվ խորհրդակցություններ ենք անցկացրել բիզնես հատվածի հետ։ Շնորհակալություն դրա համար Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարին։ Այս խորհրդակցություններից հետո մենք որոշում ենք կայացրել պլաստիկ շշերով խմիչքների արտադրության, ներմուծման և շուկայում տեղադրման կանոնակարգի ուժի մեջ մտնելը հետաձգել 4 տարով՝ մինչև 2031 թվականի փետրվարի 1-ը»,- հայտարարել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի օբյեկտներին պետք է արգելվեր սպառողներին պլաստիկ շշերով խմիչքներ մատուցել։ Իսկ 2027 թվականի փետրվարի 1-ից պետք է արգելվեր պլաստիկ շշերով խմիչքների արտադրությունը (բացառությամբ արտահանման նպատակով), ներմուծումը և դրանց տեղադրումը շուկայում։