Հակաարևմտյան քարոզչության հետևում կանգնած է Իվանիշվիլին․ Գախարիա

«Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ և Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան արձագանքել է Բիձինա Իվանիշվիլիի այսօրվա նամակին, որում վերջինս խոսում է «պատերազմում Վրաստանի ներգրավման ռիսկերի» և ԱՄՆ դեսպանի հետ ունեցած իր հանդիպման մասին։

Գախարիայի խոսքով՝ այս նամակը հաստատում է, որ Վրաստանում հակաարևմտյան քարոզչության հետևում կանգնած է Բիձինա Իվանիշվիլին։

«Իվանիշվիլիի նամակը ևս մեկ անգամ հաստատում է, որ նա կանգնած է մոլեգնող հակաարևմտյան քարոզչության հետևում և վաճառում է Վրաստանի եվրոպական ապագան իր շահերի համար։ Այն ցույց է տալիս, թե որքան կարող է մարդն իջնել՝ ոչնչացնելով բարերարի մասին առասպելը, թողնելով Վրաստանին միայնակ՝ դեմ առ դեմ օկուպացնող ուժի հետ»,- գրել է Գախարիան իր թվիթերյան էջում։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարություն է տարածել, որում նշել է, որ չնայած դժվարություններին, իշխող թիմը ճիշտ աշխատեց, ճիշտ ու սկզբունքային դիրք գրավեց, իսկ հիմնական դժվարությունը՝ պատերազմի սպառնալիքի առաջին փուլը, արդեն հաղթահարված է։