Երեկվա օրը համառոտ․ հուլիսի 27

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովի հետ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թվականին շարունակում է սփյուռքում գործող հայկական դպրոցների մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը կանցկացվի համակցված (առկա և հեռավար) ձևաչափով:

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարություն է տարածել, որում նշել է, որ այսօր, երբ պատերազմի վտանգը հնարավորինս չեզոքացվել է, իշխող կուսակցությունը ուշադրությունը պիտի ուղղի մեկ այլ կարևորագույն առաջնահերթության վրա՝ գործել այնպես, որ չտուժեն Վրաստանի հարաբերությունները ռազմավարական գործընկերների՝ Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանի համապատասխան կառույցները «բավականին պրոֆեսիոնալ» աշխատում են օկուպացված տարածքներում ձերբակալված քաղաքացիների ազատ արձակման ուղղությամբ։

Բիձինա Իվանիշվիլին հաստատել է «Վրացական երազանքից» հեռացած գործիչների տարածած տեղեկությունը, ըստ որի՝ ինքը հանդիպել է ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի հետ։

Վրաստանում նավթ ներմուծողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլին հայտնել է, որ հաջորդ ամսվանից Վրաստանում վառելիքի գները կնվազեն։

2022 թվականի հունվարից մինչև հունիս Վրաստան ներմուծվել է 11 հազար 849 տոննա ձմերուկ (2,2 մլն դոլար ընդհանուր արժողությամբ)։

Վրաստանի կառավարության խնդրանքով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNCHR) Վրաստանում գտնվող ուկրաինացի փախստականներին երկու ամիս յուրաքանչյուր փախստականի 235 լարի (մոտ 80 դոլար) կհատկացնի։

Մառնեուլի-Կոդա ճանապարհին երկու ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր։

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) տնօրեն Սոփիո Գորգոձեն հայտնել է, որ միասնական ազգային քննությունների արդյունքների հրապարակումը կսկսվի երկուշաբթի օրվանից՝ օգոստոսի 1-ից։

Թբիլիսիի կենտրոնում՝ Մելիքիշվիլիի պողոտայի նորոգման աշխատանքների շրջանակներում երթևեկությունը 3 օրով մասամբ կսահմանափակվի, հայտնում է մայրաքաղաքի քաղաքապետարանը։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին նշել է, որ Ղազախստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում կողմերը ստորագրել են մի քանի համաձայնագրեր, որոնք ավելի կխորացնեն Վրաստանի և Ղազախստանի միջև տնտեսական հարաբերությունները։

Transparency International-Georgia-ի տնօրեն Էկա Գիգաուրին արձագանքելով «Վրացական երազանքի» հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի տարածած հայտարարությանը՝ նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում Վրաստանի ներքաշման մասին հռետորաբանության նպատակն է շեղել հասարակության ուշադրությունը։

«Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ և Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան արձագանքել է Բիձինա Իվանիշվիլիի այսօրվա նամակին, որում վերջինս խոսում է «պատերազմում Վրաստանի ներգրավման ռիսկերի» և ԱՄՆ դեսպանի հետ ունեցած իր հանդիպման մասին։