Իշխող թիմը սկզբունքային դիրք ունի․ Իվանիշվիլի

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարություն է տարածել, որում նշել է, որ այսօր, երբ պատերազմի վտանգը հնարավորինս չեզոքացվել է, իշխող կուսակցությունը ուշադրությունը պիտի ուղղի մեկ այլ կարևորագույն առաջնահերթության վրա՝ գործել այնպես, որ չտուժեն Վրաստանի հարաբերությունները ռազմավարական գործընկերների՝ Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ։

Իվանիշվիլիի խոսքով՝ իր համար ամենակարևորն այն է, որ Վրաստանը կարողանա հավուր պատշաճի դուրս գալ ամենադժվար իրավիճակից՝ պահպանել խաղաղությունն ու կայունությունը։

«Նախ ևս մեկ անգամ ցանկանում եմ իմ խորին հարգանքը հայտնել վրաց հասարակությանը, որը բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ է եվրոպական արժեքներին։ Անկախության վերականգնումից 30 տարի անց վրաց ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ արժանապատվությունը, ազատությունն ու անկախությունն իրենց կարևորագույն արժեքներն են», — նշել է նախկին վարչապետը։

Իվանիշվիլին ընդգծել է, որ չնայած դժվարություններին, իշխող թիմը ճիշտ աշխատեց, ճիշտ ու սկզբունքային դիրք գրավեց, իսկ հիմնական դժվարությունը՝ պատերազմի սպառնալիքի առաջին փուլը, արդեն հաղթահարված է։

«Վրաստանի և նրա իշխանության վիճակը բարդանում է նրանով, որ որոշ ուժեր փորձում էին Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ, և նրանց այս ցանկությունն ու նպատակը, ցավոք, այսօր էլ արդիական է», — հավելել է նա։