Զախարովան անդրադարձել է Լավրովի՝ Վրաստան հնարավոր այցին

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում անդրադարձել է Վրաստանի ներքաղաքական իրավիճակին՝ կապելով այն արտգործնախարար Լավրովի՝ Վրաստան հնարավոր այցի հետ:

«Քննարկումներն այն հարցի շուրջ, թե ով կգլխավորի Ռուսաստանի պատվիրակությունը Թբիլիսիում կայանալիք Եվրախորհրդի նախարարների հավաքին, իրենց նեղ շահերի համար առաջ են քաշվում սադրիչների կողմից», — ասում է Զախարովան:

Անդրադառնալով նաև հենց Սերգեյ Լավրովի Վրաստան հնարավոր այցին, նա ասել է․ «Ինքնիշխան պետության ներսում ոչինչ չպետք է փոխվի այլ պետության ներկայացուցչի այցից: Դա նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ: Դա նշանակում է, որ սադրիչներ են աշխատում, որոնք այս պահին որոշում են ընդհամենը իրենց նեղ հարցերը»,- հայտարարել է Զախարովան:

Նրա խոսքով, Ռուսաստանը Վրաստանին ընկալում է որպես ինքնիշխան պետություն՝ իր շահերով հանդերձ:

«Քանի դեռ Վրաստանի ներքաղաքական վիճակը կախված կլինի նրանից, թե ով կժամանի Ռուսաստանից, կլինեն բազմաթիվ խնդիրներ: Չպետք է նախարարներ կամ իշխանություն փոխվի ան պատճառով, թե ով է այցելում Վրաստան»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք՝ Վրաստանը, որպես Եվրախորհրդի նախագահող երկիր, մայիսին պատրաստվում է հյուրընկալել Եվրախորհրդի անդամ երկրների պատվիրակություններին:

Տարածված լուրերի համաձայն, Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը խախտել է Վրաստանի օկուպացիայի մասին օրենքը: Հարցի շուրջ հայտարարություններ են անում Վրաստանի քաղաքական գործիչները, ընդդիմությունն էլ խոստանում է` Լավրովին թույլ չի տա մուտք գործել Վրաստանի տարածք: