Զուրաբիշվիլին պաշտոնական այցով Վիեննայում է

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ հոկտեմբերի 11-ին պաշտոնական այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն։ Սա Վրաստանի կողմից նման բարձր մակարադակի առաջին այցն է Ավստրիա:

Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին Վիեննա այցը կսկսի Ավստրիայում աշխատող վրացիների հետ աշխատանքային հանդիպմամբ, որին կմասնակցեն արվեստի և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ:

Հոկտեմբերի 12-ին Ավստրիայի նախագահի Հոֆբուրգի պալատում տեղի կունենա Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհետևի երկու երկրների նախագահների դեմառդեմ հանդիպումը։

Վիեննայում Վրաստանի նախագահը կհանդիպի նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ:

Այցի շրջանակներում Զուրաբիշվիլին կբացի Վրաստան-Ավստրիա գործարար համաժողովը, տեղի կունենա ավստրիական և վրացական ընկերությունների շնորհանդեսը:

Նախագահի պաշտոնական այցն Ավստրիա կավարտվի հոկտեմբերի 13-ին: