Վրաստանի կրթական համակարգի զարգացման հուշագիր է կնքվել ԱՄՆ-ի հետ

Վրաստանի կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Վրաստանի կրթական համակարգի զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու նպատակով։

ԿԳՆ տեղեկություններով՝ փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Վալերիան Գոբրոնիձեն և Վրաստանում USAID-ի տնօրենի պաշտոնակատար Քլեր Մեյսոնը։

Հուշագիրը նախատեսում է աջակցել Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին՝ ուժեղացնելով կրթական համակարգը, ինչը ենթադրում է տարբեր օժանդակ նախագծերի իրականացում հիշյլ ոլորտներում, այդ թվում՝ հանրակրթական, մասնագիտական ​​և բարձրագույն կրթության։

Փաստաթղթի համաձայն՝ կողմերը համատեղ կիրականացնեն ներառական կրթության զարգացմանը նպաստող ծրագրեր, որոնք կապահովեն որակյալ կրթության հավասար հասանելիության բարձրացումը։ Նաև համագործակցության շրջանակներում ուսուցիչների մասնագիտական ​​զարգացմանն աջակցելու նպատակով ուսուցիչների համար կմշակվեն տարբեր մասնագիտական ​​վերապատրաստումներ, ակադեմիական ծրագրեր և միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական ռեսուրսներ։

«Հուշագիրը նախատեսում է մասնավոր հատվածի դերի ուժեղացում կրթական համակարգի բարեփոխման գործընթացում, ինչն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հատկապես կարևոր է բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման առումով։ Բացի այդ, Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն ԱՄՆ ՄԶԳ Վրաստանի հետ համատեղ կնպաստի կրթական հաստատությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցության խորացմանը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

USAID Georgia-ն ընդհանուր առմամբ 55 մլն 699 հազար 880 դոլար է հատկացրել տարբեր օժանդակ կրթական ծրագրերի իրականացման համար։