Վրաստանի բնակչության թիվը 3.9 միլիոն է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը («Geostat») հրապարակել է ճշգրտված տեղեկություն երկրի բնակչության մարդահամարի վերաբերյալ։ 2024 թվականի մարդահամարի տվյալներով` Վրաստանի բնակչությունը կազմում է 3 մլն 929 հազար 581 մարդ։ Ընդ որում, ըստ նախկինում հրապարակված տեղեկության, ընդհանուր բնակչության մեջ երկրում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների թիվը կազմել է 257 հազար, այսինքն՝ բնակչության 6,6%-ից ոչ ավելի:

Համապատասխանաբար, բնակչության մարդահամարի համաձայն՝ 3 մլն 672 հազար 581-ը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ 257 հազարը՝ երկրում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիներ։

Մարդահամարի նպատակն է սահմանել երկրում բնակվող մարդկանց թիվը, հետևաբար դրա մեջ ներառված են ինչպես Վրաստանի քաղաքացիները, այնպես էլ երկրում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները։

«Միջազգային մեթոդաբանության համաձայն՝ մարդահամար է անցկացվել երկրում մշտապես բնակվող Վրաստանի բոլոր քաղաքացիների, նաև երկրի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց շրջանում։ Բնակչության հաշվարկման պահ (մարդահամարի կրիտիկական պահ) է սահմանվել նոյեմբերի 13-14-ի կեսգիշերը (ժամը 12:00), որի համաձայն էլ իրականացվել է փաստերի գրանցումը։ Մարդահամարի շրջանակներում տվյալները հավաքագրվել են էլեկտրոնային եղանակով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Գործընթացն իրականացվել է երկու փուլով. առաջին փուլում (2024 թ. նոյեմբերի 14-23) կիրառվել է ինքնագրանցման մեթոդը (CAWI), իսկ երկրորդ փուլում (նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 31)՝ համակարգչի օգնությամբ անհատական հարցազրույցի մեթոդը (CAPI)։ Հաշվի առնելով բնակչության դրսևորած մեծ հետաքրքրությունը՝ ինքնագրանցման հնարավորությունը լրացուցիչ երկարաձգվել է մինչեւ դեկտեմբեր ամսվա վերջը։

Մարդահամարի արդյունքների համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ, քաղաքային տիպի բնակավայրերում ապրում է բնակչության 62 տոկոսը (2 մլն 442 հազար 231 մարդ), իսկ գյուղական տիպի բնակավայրերում՝ 38 տոկոսը (1 մլն 487 հազար 350 մարդ)։

2024 թվականի մարդահամարի տվյալներով՝ Թբիլիսիում ապրում է 1 մլն 331 հազար 485 մարդ, ինչը կազմում է Վրաստանի բնակչության 34 տոկոսը։ Բնակչության թվով երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Իմերեթիի (510 հազար 741 մարդ) և Քվեմո Քարթլիի (441 հազար 630 մարդ) տարածաշրջանները, որոնց բաժին է ընկնում բնակչության համապատասխանաբար 13 և 11 տոկոսը։

Ըստ տարածաշրջանների՝ Վրաստանի բնակչությունը բաշխվում է հետևյալ կերպ.

• Թբիլիսի — 1 մլն 331 հազար 485 մարդ

• Իմերեթի — 510 հազար 741 մարդ

• Քվեմո Քարթլի — 441 հազար 630 մարդ

• Աջարիայի ԻՀ — 402 հազար 929 մարդ

• Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 305 հազար 597 մարդ

• Կախեթի — 303 հազար 833 մարդ

• Շիդա Քարթլի — 251 հազար 736 մարդ

• Սամցխե-Ջավախեթի — 155 հազար 282 մարդ

• Գուրիա — 102 հազար 408 մարդ

• Մցխեթա-Մթիանեթի — 94 հազար 39 մարդ

• Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 29 հազար 901 մարդ։