Պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին դատարանը մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար և դատապարտել 10 տարի ազատազրկման։
Դատավճիռն այսօր՝ ապրիլի 23-ին, հայտարարել է դատավոր Իրակլի Խուսկիվաձեն։
Բուրճուլաձեի հետ միասին ազատազրկման են դատապարտվել նաև նույն գործով մեղադրյալներ՝ նրա նախկին տեղակալ Գիորգի Խաինդրավան և աներորդին՝ Վասիլ Մխեիձեն։ Դատարանը նրանցից յուրաքանչյուրին դատապարտել է 8 տարի ազատազրկման։
Պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել էր նախորդ տարվա սեպտեմբերին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասի ենթակետով և 332-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունների չարաշահում և ապօրինի եկամուտների օրինականացում։ Նշված արարքը նախատեսում է 9-ից 12 տարի ժամկետով ազատազրկում։
Բուրճուլաձեին մեղադրում են 1,մլն 593 հազար 212 լարի ապօրինի և անհիմն եկամուտների օրինականացման համար։ Ըստ մեղադրանքի՝ 2023 թվականին իր տեղակալի, ազգականի և Պաշտպանության նախարարության գնումների դեպարտամենտի նախկին պետի օգնությամբ զինվորական հոսպիտալին նա բժշկական սարքավորում է մատակարարել 2 մլն 606 հազար 272 լարիի փոխարեն 3 մլն 940 հազար լարիով, ինչի հետևանքով նախարարությանը հասցվել է 1 մլն 333 հազար 728 լարիի գույքային վնաս։
Ապրիլի 8-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը հրաժարվել է Բուրճուլաձեի հետ դատավարական համաձայնություն (պրոցեսուալ գործարք) կնքել։ Միակ անձը, որի հետ այս գործով կնքվել է դատավարական համաձայնություն, Վլադիմիր Ղուդուշաուրին է։ Նա Պաշտպանության նախարարության գնումների դեպարտամենտի նախկին պետն է և ազատ է արձակվել 4 տարի պայմանական պատժի և 10 հազար լարի տուգանքի պայմանով։