Վրաստանում ՀՀ դեսպանության և Ջանսուղ Կախիձեի անվան Թբիլիսիի երաժշտական-մշակութային կենտրոնի համակազմակերպմամբ Կախիձեի համերգասրահում կայացավ հայկական դասական երաժշտության համերգ՝ մաեստրո Վախթանգ Կախիձեի ղեկավարությամբ, Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի և արդի համաշխարհային բեմի աստղ, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ:
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր բացման խոսքում նշեց, որ համերգը նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ հոբելյանական տարվան և այդ առիթով Թբիլիսիում առաջին մշակութային միջոցառումն է։
Ծրագիրը ներառում էր Արամ Խաչատրյանի Ջութակի և նվագախմբի համար կոնցերտը և Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան՝ Հայաստանից ժամանած դուդուկահարներ Հարություն Չքոլյանի և Կարեն Սիրականյանի մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկին, կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն, ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների տեղակալներ Արման Սարգսյանն ու Պաատա Պատիաշվիլին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, անձնակազմի անդամներ և Վրաստանի մշակութային, գիտակրթական շրջանակների ու հայ համայնքի ներկայացուցիչներ։
Համերգի ավարտին հնչեց «Դլե Յաման»-ը` ի հիշատակ Հայոց մեծ Եղեռնի զոհերի։
