Մառնեուլին 24-ժամյա ջրամատակարարում կունենա

Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլի քաղաքի 24-ժամյա ջրամատակարարումն ապահովելու նպատակով ամբողջությամբ կթարմացվի ջրամատակարարման ցանցը, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Տեղեկության համաձայն, կկառուցվի ժամանակակից պոմպակայան և նոր ջրամբարներ։

«Միաժամանակ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով ընթացքի մեջ է միջազգային չափանիշներին համապատասխան կեղտաջրերի մաքրման ժամանակակից կայանի կառուցումը։

Աշխատանքներն իրականացվում են 4 անկախ լոտերով և աստիճանաբար կավարտվեն 15 ամսվա ընթացքում։ Արդյունքում Մառնեուլի քաղաքի 22 հազար շահառու կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ տեղեկության՝ շինարարությունն իրականացնում են միջազգային մրցույթում հաղթած ընկերությունները։ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ծրագրի համար կօգտագործվի ավելի քան 135 մլն լարի։