Սոցիալական գործակալն այլևս չի մասնակցի որդեգրել ցանկացող անձի սոցիալ-տնտեսական վիճակի գնահատմանը:
Փոփոխություններ են կատարվում «Որդեգրման և խնամատարության մասին» օրենքի բոլոր այն հոդվածներում, որոնք որդեգրողի (նաև խնամատար ծնողի) սոցիալ-տնտեսական վիճակի գնահատման համար որպես պարտադիր նախապայման սահմանում էին նրա գրանցումը սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում և սոցիալ-տնտեսական վիճակը հաստատող համապատասխան վարկանիշային միավորի մասին քաղվածքի ներկայացումը:
«Որդեգրման և խնամատարության մասին» օրենքի գործող կարգավորման համաձայն՝ մի շարք այլ հանգամանքների հետ մեկտեղ, որդեգրողի գնահատման ցուցիչներից մեկը նրա սոցիալ-տնտեսական վիճակն է, որն իրականացվում է սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում առկա տեղեկատվության հիման վրա: Գնահատման նպատակով որդեգրել ցանկացող անձը խնամակալության և հոգաբարձության տեղական մարմնին պետք է ներկայացնի քաղվածք սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայից, որով կհաստատվի, որ նրա վարկանիշային միավորը համապատասխանում է Վրաստանի կառավարության սահմանած չափանիշներին և գերազանցում է 120 հազար միավորը: Որդեգրող գրանցվելուց հետո, որդեգրել ցանկացող անձը/ընտանիքը յուրաքանչյուր հաջորդ տարի նաև պետք է անցնի ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի վերագնահատում՝ այս պայմանի պահպանումը հաստատելու համար: Հակառակ դեպքում նա կհանվի հաշվառումից:
Առողջապահության նախարարությունը խորհրդարան է ներկայացրել փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝ որդեգրել ցանկացող անձանց սոցիալ-տնտեսական վիճակն արտացոլող փաստաթղթերի ցանկը, որով հաստատվում է երեխայի պատշաճ դաստիարակության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը, կսահմանվի նախարարի հրամանով հաստատված որդեգրման կարգով:
Նախարարության պարզաբանմամբ, գործընթացի առաջին փուլում՝ որդեգրել ցանկացող անձի տվյալների բազայում գրանցման ժամանակ, և հաջորդ փուլում՝ առաջարկված երեխայի որդեգրմանը համաձայնություն տալիս, նախարարի հրամանով սահմանված փաստաթղթերի հիման վրա (անձի/ընտանիքի եկամուտները, գույքային դրությունը և սոցիալ-տնտեսական վիճակն արտացոլող փաստաթղթեր, այդ թվում՝ հանրային և մասնավոր հաստատություններից ներկայացված պաշտոնական փաստաթղթեր), հնարավոր կլինի սահմանել որդեգրողի սոցիալ-տնտեսական վիճակի կայունությունը:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ այս պահին որդեգրողների ռեեստրում գրանցված է 1571 որդեգրող ընտանիք: