Վրաստանի բիզնես ասոցիացիան հյուրընկալել է Վրաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետրա Պոնևաչ-Պանային։ Աշխատանքային հանդիպման շրջանակներում ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Վեփխվաձեն հյուրին մանրամասն ներկայացրել է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները և այն կարևոր դերը, որն ասոցիացիան իրականացնում է երկրի բիզնես միջավայրի ձևավորման գործընթացում։
Հանդիպման ընթացքում կողմերը լայնորեն քննարկել են երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունները, այդ թվում՝ արտահանման և ներմուծման դինամիկան ու առևտրային կապերի հետագա ընդլայնման հեռանկարները։ Անդրադարձել են նաև բիզնես հատվածի համար ամենաարդիական խնդիրներից մեկին՝ որակյալ կադրերի դեֆիցիտին, ինչը զգալիորեն խոչընդոտում է տարբեր ոլորտների գործունեությանը։ Հատուկ ընդգծվել է այն կրթական ծրագրերի աջակցությունը, որոնք Հունգարիայի կառավարությունը տարիներ շարունակ իրականացնում է վրացի երիտասարդների համար։
«Մեզ համար կարևոր է ակտիվ երկխոսությունը գործընկեր երկրների հետ։ Հունգարիայի դեսպանի հետ հանդիպումը լավ հնարավորություն էր քննարկելու այնպիսի ռազմավարական հարցեր, ինչպիսիք են առևտրի խթանումը և աշխատաշուկայում առկա անհավասարակշռությունը։ Հավատացած ենք, որ նման ձևաչափով համագործակցությունը կնպաստի նոր բիզնես կապերի հաստատմանը և ընդհանուր խնդիրների լուծման ուղիների որոնմանը»,- հայտարարել է Վրաստանի բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Վեփխվաձեն։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն համագործակցել տնտեսական կապերի ամրապնդման և փորձի փոխանակման ուղղությամբ։