Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ և արագացված կարգով հաստատել է օրենսդրական փոփոխությունը, որի համաձայն Հանրային և մասնավոր համագործակցության գործակալության կարգավիճակն ու անվանումը փոխվել են։
Բարեփոխման արդյունքում գերատեսչությունը կկոչվի Ներդրումների գործակալություն։
Օրինագիծը ներկայացրել է տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Իրակլի Մեզուրնիշվիլին։ Փոփոխությանը կողմ է քվեարկել 89 պատգամավոր։
Օրենսդրական փաթեթի համաձայն՝ փոխվում են գործակալության կառավարման մոդելը և ֆունկցիոնալ նշանակությունը.
• Գերատեսչությունը գործունեությունը կշարունակի «Ներդրումների գործակալություն» անվամբ։
• Գործակալությունն անցնում է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության կառավարման ոլորտ։
• Բարեփոխման հեղինակների պարզաբանմամբ՝ փոփոխության նպատակներն են երկրում ներդրումային քաղաքականության առավել արդյունավետ կառավարումը և հանրային-մասնավոր գործընկերության նախագծերի համակարգման բարելավումը։
Մինչ այժմ գործող օրենսդրությամբ՝ Հանրային և մասնավոր համագործակցության գործակալությունը գործում էր կառավարության աշխատակազմի շրջանակներում և իրականացնում էր ներդրումային նախագծերի փորձաքննություն ու աջակցություն։