Ավելի քան 100 մարզադահլիճ ու լողավազան վերաբացվելու թույլտվություն չի ստացել

Վրաստանում 119 մարզադահլիճի և 40 լողավազանի չի հաջողվել բավարարել Առողջապահության նախարարության պահանջները համաճարակի ընթացքում: Այս մասին նախօրեին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարության տեսչական դեպարտամենտի ղեկավար Բեքա Փերաձեն:

Թույլտվություն ստանալու և աշխատանքը վերականգնելու համար կենտրոնները պետք է գրանցվեն Առողջապահության նախարարության կայքում և ստուգում անցնեն:

«Մենք շարունակում ենք լողավազանները և մարզադաշտերը վերաբացելու գործընթացը: Գրանցվել է 118 լողավազան, որոնցից 106-ը ստուգվել է, 66-ին աշխատելու հնարավորություն է տրվել: 275 գրանցված ֆիթնես օբյեկտներից ստուգվել է 263-ը, որոնցից 144-ը աշխատանքը վերսկսելու թույլտվություն է ստացել: Ինչ վերաբերում է հյուրանոցներին, աշխատանքը կվերսկսի 1322 օբյեկտ»,- հայտարարել է Փերաձեն: