Ընդդիմությունը ցույց է անելու «Գավրիլովի գիշերվանից» մեկ տարի անց

Վրաստանի Միավորված ընդդիմությունը ծրագրում է հունիսի 20-ին՝ «Գավրիլովի գիշերվանից» մեկ տարի անց բողոքի ցույց անցկացնել: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր, օրերս երկրի նախագահի կողմից համաներում ստացած «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավան:

«Հունիսի 20-ը կարևոր օր է համարվում ժամանակակից Վրաստանի համար: Սա այն օրն է, երբ Վրաստանի քաղաքացիները պայքարեցին երկրի այն անիմաստ, վնասակար զիջումների դեմ, որ արվում էին Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է Ուգուլավան:

Գիգի Ուգուլավան նշել է, որ ցույցի ընթացքում կպահպանվեն անվտանգության բոլոր պայմանները:

«Կարևոր է, որ ստեղծվել է նոր ստանդարտ, երկիրը շարունակում է ապրել, բողոքի ձևերը կարող են փոփոխվել, սակայն մեր որոշումը չի փոխվի»,- հայտարարել է Ուգուլավան:

Հիշեցնենք, նախորդ տարվա հունիսի 20-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բողոքի պատճառ էր դարձել ու փողոց դուրս բերել հարյուրավոր քաղաքացիների։ Վեհաժողովին մասնակցելու էր եկել ռուսական պատվիրակությունը, ավելին՝ այն նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը, ըստ վրացական կողմի՝ աբխազական պատերազմի մասնակից է։ Ռուսաստանյան պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով էին դիմավորել՝ վանկարկելով «Ռուսաստանն օկուպանտ է»:

Սրան հաջորդեցին ամենօրյա ռեժիմով ցույցեր՝ շարունակվելով մի քանի ամիս: Ցուցարարների հիմնական պահանջներից մի քանիսը կատարվեցին, մի քանիսը՝ ոչ: Այդ թվում էր այն ժամանակվա ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, որը ոչ միայ  չիրականացվեց, ավելին բողոքի ցույցերից ամիսներ անց Գախարիան նշանակվեց երկրի վարչապետ: Ցույցերի արդյունքում հրաժարական տվեցին կառավարության մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն և մի քանի պատգամավորներ:

Ցուցարարների հիմնական պահանջներից մեկը՝ 2020 թվականի ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելն էր՝ 2024-ի փոխարեն: Իշխանությունը, մասնավորապես իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին խոստացավ կատարել խոստումը, սակայն 2019 թվականի նոյեմբերին խորհրդարանում նախագիծը քննարկելիս նույն կուսակցության պատգամավորները տապալեցին քննարկումները:

Եվս մի քանի ամիս բողոքի ցույցեր և երկրում կայունություն հաստատելու նախաձեռնությամբ միջամտեցին միջազգային գործընկերը՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ի ներկայացուցիչները: Ստեղծելով ձևափափ, տեղի ունեցավ մի քանի հանդիպում, որի ընթացքում իշխանությունը և ընդդիմությունը եկան ընդհանուր հայտարարի: