Վրաստանը չի հրավիրվել Եվրամիության ընդլայնման նախարարական հանդիպմանը: Տեղեկությունը տարածել է TV Formula լրատվամիջոցը։ Կիպրոսի նախագահության մամուլի ծառայությունից հայտնել են, որ խոսքը մայիսի 10-11-ին Նիկոսիայում նախատեսված եվրոպական գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման մասին է։
«Հաշվի առնելով Վրաստանի կառավարության գործողությունների ընթացքը, որը հակասում է Եվրամիության հիմնարար արժեքներին ու սկզբունքներին, Վրաստանի անդամակցության գործընթացը 2024 թվականին դե ֆակտո կասեցվել է։ Հետևաբար, նախորդ նախագահությունների պրակտիկայի համաձայն, Վրաստանը չի հրավիրվել։
Ցանկանում ենք նաև հիշեցնել, որ Եվրամիությունը հստակ ընդգծել է Միության պատրաստակամությունը՝ աջակցելու վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին և երկրի անդամակցության ուղուն` այն դեպքում, եթե Վրաստանի իշխանությունները փոխեն իրենց ներկայիս կուրսը»,- հայտնել են Formula-ին Կիպրոսի նախագահության մամուլի ծառայությունից։